«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Կլինիկական դեպք` Արմենիա ՀԲԿ անոթային վիրաբուժական բաժանմունքում

Կլինիկական դեպք` Արմենիա ՀԲԿ անոթային վիրաբուժական բաժանմունքում

65 տարեկան տղամարդն ընդունվել է «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունք հետևյալ գանգատներով՝ ձախ աճուկային շրջանում պուլսացող գոյացության առկայություն, ցավ և ծանրության զգացում ազդրի շրջանում: Պացիենտն ուներ սրտի իշեմիկ հիվանդություն, առկա էր զարկերակային ճնշման կայուն և մշտական բարձրացում։

 

2014-ին Արմենիա ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում հիվանդը վիրահատվել է որովայնային աորտայի անևրիզմայի կապակցությամբ, կատարվել է աորտա-ազդրային պրոթեզավորում և աջ ստորին վերջույթի անդամահատում` ազդրի միջին երրորդից։

 

Բուժառուն նշում էր, որ 6 ամիս է, ինչ զգացել է գոյացություն` աճուկային շրջանում, սակայն վերջին 2  ամսվա ընթացքում նկատել է չափերի մեծացում։

 

Բաժանմունքում  կատարվել են համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ներառյալ` ՀՏ-անգիոգրաֆիա)՝ վիրահատական մարտավարությունը որոշելու նպատակով: Արդունքում ախտորոշվել է՝  ձախ ընդհանուր ազդրային զարկերակի գիգանտ շերտազատված անևրիզմա` պրոթեզի դիստալ անաստամոզի ներգրավմամբ։

 

Ի՞նչ վիրահատություն է կատարվել:

 

Իրականացվել է հիբրիդ-վիրահատություն, որը ներառում է բաց և փակ վիրահատական միջամտությունները։ Կատարվել է պրոթեզի ձախ ոտիկի ժամանակավոր բալոնային օկլուզիա՝ արյունահոսությունից խուսափելու նպատակով և անևրիզմէկտոմիա, ծայրը ծայրին պրոթեզավորում։

 

Ինչպե՞ս է իրականացվել վիրահատությունը:


Հաշվի առնելով հիվանդի մոտ բաց վիրահատության (որովայնահատում) հնարավոր վտանգները, որոշվել է հիբրիդ-վիրահատություն իրականացրել։


Վիրահատությունն իրականցվել է մի քանի փուլով:


Պունկցիոն ճանապարհով կատարվել է մուտք՝ ձախ բազկային զարկերակից, տեղադրվել է JR 5F կատետոր: Այնուհետև կատարվել է անցում պրոթեզի ձախ ոտիկ, կատարվել է անգիոգրաֆիա: Առկա է ընդհանուր ազդրային զարկերակի գիգանտ շերտազատվող անևրիզմա 8 x 13 սմ` պրոթեզի ձախ ոտիկի ներգրավմամբ։ Կատարվել է դիստալ ոտիկի ժամանակավոր օկլուզիա` դիստալ հսկողության համար։ Նպատակն էր՝ առանց որովայնահատման փակել արյան հոսքի ճանապարհը դեպի անևրիզմա և կատարել անևրիզմայի հեռացում` առանց արյան կորստի։
                  
Բաց եղանակով, տեխնիկական մեծ դժվարությամբ առանձնացվել է անևրիզման. առկա էր արտահայտված կպումային  գործընթաց` ընդհանուր ազդրային երակի, մեծ ենթամաշկային երակի և ազդրային նյարդի հետ։ Վերջիններս մեծ դժվարությամբ առանձնացվել են։ Մակերեսային ազդրային զարկերակն օկլուզված էր։ Իրականացվել է անևրիզմայի հեռացում, պրոթեզի ձախ ոտիկի և խորանիստ ազդրային զարկերակի միջև պրոթեզավորում` ծայրը-ծայրին մեթոդով։ Կատարվել է կրկնակի անգիոգրաֆիա. մնացորդային նեղացումներ չեն հայտնաբերվել։

 

 

 

 

 

Վիրահատությունը տևել է 3,5 ժամ:
      
Ինչպե՞ս է ընթացել հետվիրահատական շրջանը:


Վիրահատությունից հետո սահմանվել է բուժառուի դինամիկ հսկողություն:


Հետվիրահատական շրջանի մոտավորապես 10-րդ օրը բուժառուն դուրս է գրվել` փակ վերքերով:


6 ամիս անց, կրկնակի այցի ժամանակ, կատարվել է ստորին վերջույթների անոթների դուպլեքս քննություն. անոթների անցանելիությունը լիովին պահպանված էր:


Ո՞րն է իրականացված վիրահատության յուրահատկությունը:

 

Հիբրիդ վիրահատությունները քիչ տրավմատիկ են, և հնարավորություն են տալիս վիրահատել անգամ ուղեկցող ծանր հիվանդություններ ունեցող բուժառուներին: Տվյալ դեպքում իրականացվել է անոթային հունի անգիոգաֆիկ հսկողություն, իսկ ամենակարևորը՝ անևրիզման հեռացնելու նպատակով կարիք չի եղել կատարել որովայնահատում և փակել պրոթեզը` անոթային սեղմակով։ Դա կատարվել է բալոնի միջոցով։

 

Վիրահատությունն իրականացվել է անոթային և էնդովասկուլյար վիրաբուժական թիմի կողմից:


Անոթային վիրաբույժներ` Հակոբ Հովիկի Առաքելյան, Վիրաբ Մանուկի Աղաբեկյան, Վրեժ Արթուրի Հովակիմյան, կլինիկական օրդինատոր` Արամ Սեդրակի Գևորգյան:

03.04.2023